«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հոգևորականության դերակատարումը՝ ենթատեքստով

Հոգևորականության դերակատարումը՝  ենթատեքստով
27.06.2024 | 10:17

Հայ-թաթարական բախումներն սկսվեցին 1905 թ․ փետրվարի 6-ին ու շարունակվեցին ևս երեք օր։ Երբ Թիֆլիս հասան ոչ միայն աղետալի լուրերը, այլև թաթարների վայրագություններից սարսափած բաքվահայերի առաջին խմբերը, արդեն փետրվարի 10-ին Թիֆլիսի առաջնորդարանում, 30 երևելի անձանց ներկայությամբ և նախագահությամբ Գարեգին եպիսկոպոս Սաթունյանի (տես լուսանկարը), գումարվեց նախապատրաստական ժողով։

Հաջորդ օրն իսկ Գարեգին սրբազանի ու քաղաքի բոլոր խավերը ներկայացնող 100 հոգու մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նպատակ ունենալով ելք որոնել ծանր իրավիճակից։ Որոշվեց Գարեգին սրբազանի նախագահությամբ ստեղծել Նպաստամատույց հանձնաժողով, որի կազմի մեջ մտան Ավ․ Ահարոնյանը, Հ․ Առաքելյանը, իշխան Ալ․ Արղության-Երկայնաբազուկը, Ա․ Բաբյանը, Ալ․ Խատիսյանը, Ալ․ Մելիք-Ազարյանը, Տ․ Հովհաննիսյանը, Ավ․ Սահակյանը, Լ․ Սարգսյանը, բժ․ Կ․ Ստեփանյանը, Ալ․ Քալանթարը, Ս․ Մելիք-Ադամյանը։

Երկու օր անց՝ փետրվարի 13-ին Թիֆլիս ժամանեց Վեհափառ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը և հրապարակեց հայրապետական կոնդակ, որով ողջունեց Նպաստամատույցի ստեղծումը։

Այս կառույցի գործունեության ծիրն էր ֆինանսական միջոցներ հայթայթել և ձեռք բերել սնունդ, հագուստ, դեղորայք, տրամադրել բուժօգնություն, նպաստ, ճանապարհածախս, ապաստան և այլն։ Սակայն երբ ընդհարումները տարածվեցին հայաբնակ այլ բնակավայրերում ևս, Վեհափառ Հայրապետի երկու այլ կոնդակներով, Բաքվից բացի, մասնաճյուղեր հիմնվեցին Երևանում, Հին Նախիջևանում, Շուշիում, Նոր Բայազետում, Գանձակում, Գորիսում, Նուխի-Արեշում, Ղազախում, Շամշադին-Քարվանսարայում, իսկ Թիֆլիսի Նպաստամատույցը կոչվեց Կենտրոնական։

Ի դեպ, բոլոր մասնաճյուղերը ղեկավարում էին տեղի հոգևոր առաջնորդները։

Այն, ինչ կատարվեց Նպաստամատույցի գոյության վեց տարիների ընթացքում, հայ ժողովրդի առաջին համազգային միասնականության դրսևորումն էր։ Ֆինանսական օժանդակություն ցույց տվեցին Ռուսաստանի, Եվրոպայի, Պարսկաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և անգամ Նիդերլանդական Հնդկաստանի (ներկայիս Ինդոնեզիա) հարյուրավոր հայաբնակ քաղաքների անհատներ ու կազմակերպություններ։ Ընդհանուր առմամբ ժողովվեց 443․275 ռ․ 20 կ․, իսկ ամենաբեղմնավորը 1907 թվականն էր, որի ընթացքում մուտք եղավ 189․577 ռ․ 52 կ․։

Կենտրոնական Նպաստամատույցը, որպես առաքելությունը կատարած մարմին, փակվեց 1910 թ․ հունիսին Մատթեոս Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

երը պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am